Արմայելի գրամատյան

գրառումներ, խոհեր..

DIY փաբի պայթեցումը
[info]armaelo

Փաբի պայթեցումը մտահոգիչ է, մանավանդ որ այն վտանգավոր նախադեպ կարող է դառնալ։ Բայց դրանից բացի մտահոգիչ է երկու հանգամանք ևս.

(1) բազմաթիվ մարդիկ արդարացնում են արված հանցագործությունը, այսինքն կա մարդկանց մի զանգված, որոնք քաղաքակիրթ բանավեճի կամ երկխոսության գնալ չեն ուզում և նախընտրում են ագրեսիան...

(Շարունակություն)

  


Ի՞նչ եք ակնկալում շարքային քաղաքացուց
[info]armaelo
Հիմա մեր քաղաքացիները գոնե այնքան իրազեկ են, անքան տեղեկացված են, որ կարող է թեկուզ վերցեն էլ այդ այդպես ասած առաջարկված կաշառքները, բայց (...) իրենց խիղճը ինչ կթելադրի, դա կարող են անել։ Ճիշտն ասած, ես ակնկալում եմ այդպես (Սիրվարդ Մամիկոնյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի տնօրեն)։


Ո՞նց կարելի է։ Քանի անգամ արդեն, այսպես ակնարկներ եմ նկատում համացանցում։ Նրանք, ովքեր «հասարակ» ժողովրդին պետք է բացատրեին, ինչ է նշանակում ընտրակաշառք վերցնել, իրենք են ներողամիտ վերաբերմունք ցուցաբերում երևույթի նկատմամբ։ Սա անթույլատրելի ու աղետաբեր երևույթ է։ Այսուհետ ավելի դժվար կլինի «հասարակ» ժողովրդին համոզել՝ ընտրակաշառք վերցնելուց հրաժարվել։ 

Ու նման ակնարկներում հիմնական տրամաբանությունը այն է, որ «բոլորին կխոստանամ, բոլորից ընտրակաշառք կվերցնեմ, բայց կխաբեմ, իրենց չեմ ընտրի»։ Ախր չէ՞ որ սա ինքնախաբեություն է, դու «խաբում» ես, չես ընտրում, իսկ կաշառք բաժանողը այնուամենայնիվ (փորձը ցույց է տալիս) ընտրվում ու այդ դեպքում արդեն նրա հերթն է խաբելու ու խոստումներ չկատարելու։

Վինդոուս 8 կամ հայերեն ինտերֆեյսով ՕՀ ունենալու երազանք
[info]armaelo
«Օրակարգը» հոդված էր հրապարակել Վինդոուսի 8-ի հայերեն տարբերակի մասին, որը պետք է այս տարվա աշնանը արդեն պատրաստ լինի։ Թարգմանված տերմինների մեջ հաջող ու կարծես կենսունակ թարգմանություններ։ Օրինակ՝ 
  • press and hold-սեղմապահում
  • start screen-մեկնարկային վահան
  • folder-պանակ
Կան և միանգամից աչք ծակող անհաջող թարգմանություններ (pinch-պտղունց, application-գործադիր ...)։ Բայց ինչն է ինձ առաջին հերթին մտահոգում. թույլատրելիից շատ են բացարձակ նորաբանությունները, հենց իր՝ Մայքրոսոֆտի հայաստանյան գրասենյակի տնօրենի խոսքերով, հարմարվել դրան «նույնն է, ինչ չինարեն սովորենք»։ Իսկ այդ հանգամանքը նվազագույնի է հասցնում նախագծի հաջողությունը։ Ըստ որում, շատ դեպքերում կարելի էր օգտագործել բառեր, որոնք արդեն գործածական են և/կամ ավելի հեշտ ընկալվող։ Օրինակներ բերեմ՝
  • code-այլագիր (ինչո՞ւ ոչ «կոդ»)
  • multimedia-բազմամիջանք (ինչո՞ւ ոչ «մուլտիմեդիա»)
  • proxy–վստահորդ (ինչո՞ւ ոչ «պրոքսի»)
Եթե XP-ի ու 7-ի ներկայացրած հայերեն ինտերֆեյսը գոնե որոշ չափով հաջողված լիներ, կամ եթե, պատկերավոր ասած, հրթիռը հաղթահարած լիներ երկրի ձգողականությունը, կարելի էր Վինդոուսի հաջորդ թողարկումներում կամաց-կամաց լրիվ չմարսված փոխառությունները նոր «հայերեն» տերմիններով փոխարինել։ 
Բայց հենց միանգամից առավելագույնի հասնել ձգտելը նշանակում է ուղղակի ձախողել հայերեն ինտերֆեյսով Վինդոուս ունենալու նախագիծը։ Առնվազն՝ ձախողել ևս մի քանի տարով։ Որովհետև կա մի ունիվերսալ ու անփոփոխ օրենք, որ օգտատերերի գերակշիռ մասը երբեք լեզու չի ընտրում անձնազոհությունից դրդված։ Դրա հետ պետք է հաշվի նստել այսպիսի նախագծեր իրականացնելիս։

Իրանը զբոսաշրջության շուկա
[info]armaelo
Կարծում եմ Իրանը զբոսաշրջության շատ լուրջ շուկա կարող է հանդիսանալ Հայաստանի համար։ Գուցե ավելի կարևոր, քան օրինակ Եվրոպան։ Դրա համար մի շարք նախադրյալներ կան։ Օրինակ, եվրոպացու համար Հայաստան հասնելը շատ ավելի մեծ ծախսերի հետ է կապված, քան իրանցու (նույնիսկ հարաբերական առումով)։ Երևանյան ժամանցի վայրերը, երաժշտական համերգները, թեկուզ միայն քաղաքային փողոցները, որտեղ անկաշկանդ քայլում են կայանք ու աղջիկներ՝ առանց գլխաշոր կրելու պարտադրանքի, իրանցու համար այնպիսի բաներ են, որոնց համար նա պատրաստ է այստեղ հասնել։ Ի զուր չէ, որ Հայաստան են գալիս հատկապես երիտասարդ իրանցիներ։

Շատ իրանցիներ էլ Հայաստան գալիս են հենց այնպես, զուտ «արտասահմանում» լինելու համար, ինչպես օրինակ մենք՝ հայերս երբեմն  առանց որևէ լուրջ պատճառի Վրաստան ենք գնում, պարզապես տեսնելու համար, թե հարևան երկրում ինչ կա չկա։

Իմ տպավորությամբ, այժմ մեզ մոտ գրեթե ոչինչ չի արվում իրանցիներին Հայաստան բերելու համար։ Քննարկումներ էլ չեն լինում այս մասին այդքան հաճախ (հիմնականում նովրուզից նովրուզ)։ Երբ խոսում ենք Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու մասին, հիմնականում մտածում ենք արևմուտքից եկող զբոսաշրջիկների մասին, որոնց այստեղ են բերում մեր միջնադարյան քրիստոնեական հուշարձանները։ Բայց ես կարծում եմ, որ արևմուտքի հետ առայժմ մեծ հույսեր կապել պետք չի։ Հետճգնաժամային Եվրոպայում (որ դեռ երկար կշարունակվի) շատ քչերն են պատրաստ մեծ ծախսեր անել։ Իսկ Հայաստան հասնելը միայն, ինչպես նշեցի, արդեն մեծ ծախս է։ Եվրոպացին ավելի կնախընտրի ավելի էժան գնով հանգստանալ ասենք Ավստրիայում կամ Չեխիայում, քան Հայաստանում։

Այլ է Իրանի պարագան։

Նույնիսկ այն դեպքում, երբ առանձնապես ոչինչ չենք արել, անցած տարի Հայաստան է այցելել 140 հազ. իրանցի (ավելի շատ, քան ընդհանուր զբոսաշրջիկների թիվը 2001 թ.)։ Եթե մի քանի լուրջ ծրագրեր իրականացնենք, ընդլայնենք ենթակառուցվածքները, մատչելի դարձնենք հորեկա ոլորտը, ավելացնենք ժամանցի վայրերը, լուրջ գովազդային ակցիաներ կազմակերպենք...., ապա այս թիվը մեկ-երկու տարում մի քանի անգամ կրկնապատկվի։ Իմ կարծիքով մենք ռեալ շանսեր ունենք տարեկան 1 միլիոն զբոսաշրջիկ Հայաստան բերելու համար։

Իսկ դա մեզ համար միայն տնտեսապես չէ շահավետ։ Ինչ-որ չափով կփոխվի նաև Հայաստանի իմիջը. շրջափակված երկրի փոխարեն զբոսաշրջության կենտրոն՝ փոքրիկ կամուրջ երկու քաղաքակրթությունների, արևմուտքի և արևելքի միջև։ Որոշ չափով կփոխվի նաև Հայաստանի մոնոմշակութային բնութագիրը։ Թեև գիտեմ, շատերը դրանից վախենում եմ, բայց դա ևս դրական երևույթ է։ Դրական է, երբ մարդիկ սովորում են այլ մշակույթների հետ շփվելը։

Ի՞նչ արժի սար կառուցելը
[info]armaelo
RNW էի լսում, հարցազրույց էր հոլանդացի սպորտային լրագրող Թայս Զոնեֆելդի հետ։ Իմիջայլոց էի լսում, բայց հանկարծ ականջովս ընկավ, որ ասում էր. «Հոլանդիան ձանձրալի երկիր է, ուր նայում ես նույն համահարթությունն է»։ Ու էդպես սրտնեղելով, մի քանի ամիս առաջ Զոնեֆելդը գաղափար է հղացել՝ ոչ ավել ոչ պակաս Հոլանդիայում սար կառուցել։

Չգիտեմ, որքանով էր ճիշտ, բայց իր ասելով բազմաթիվ բանկեր ու հիմնարկներ հետաքրքրված են այս ծրագրով։ Հոլանդական արհեստական սարը ունենալու է 500 մ բարձություն և մոտավոր հաշվարկներով արժենալու է 30-40 միլիարդ եվրո։

Մտքովս միանգամից անցավ. տրանսպորտի խնդիր չլիներ, մի քանի հատ սար արտահանեինք Նիդերլանդներ ;) Մեզ էլ հենց ավելի շատ հարթություն է անհրաժեշտ։

Ցանցում տեղեկություններ դեռ չեմ փնտրել, բայց նկատեցի, որ ապագա սարը արդեն կայք ունի։

Արարատը զգալու զգայարանը
[info]armaelo
Կրկին մեջբերում, այս անգամ Ֆրանկ Վեստերմանի «Արարատ» գրքից.

...Բացի այդ, հենց այդ ժամանակ, Հայաստանում, ինձ մոտ ցանկություն առաջացավ բարձրանալ բիբլիական Արարատը և քայլել աշխարհի ամենաբարձր սառցադաշտերից մեկի միջով։ Ինձ մոտ այն նույն զգացումն էր արթնացել, որը նկարագրում է երեսունականներին Հայաստան այցելած Օսիպ Մանդելշտամը. «Ես իմ մեջ հայտնաբերել եմ մի վեցերորդ զգայարան՝ Արարատը զգալու զգայարանը. այն զգացողությունը, երբ ինչ-որ լեռ քեզ դեպ իրեն է ձգում»։

Շուտով ավելին։


Զարգացում և միգրացիա
[info]armaelo
Հետաքրքիր հատված հանդիպեց Պաուլ Շխեֆերի «Ներգաղթի երկիր» գրքում.

Միգրացիայի և զարգացման փոխհարաբերությանը վերաբերող շատ քիչ հարցեր կան, որոնց շուրջ տնտեսագետները միակարծիք են բացի այն փաստից, որ տնտեսական զարգացման առաջին փուլը ավելի մեծ չափի արտագաղթի է հանգեցնում։ (...) Բրիտանացի փիլիսոփա Մայքլ Դամմիտը գրում է, որ «երկիրը ծանր կացությունից հանելու առաջին քայլերից հետո, ոչ թե կպակասի, այլ կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր կցանկանան ապրել աշխարհի ավելի բարեկեցիկ մասում»։

Ավելի երկար ժամանակահատվածում, զարգացումը կբերի արտագաղթի նվազման։ Դրա լավ օրինակ է Եվրոպական Միությունը, որտեղ մարդկանց ազատ տեղաշարժումը չհանգեցրեց հսկայական միգրացիոն հոսքերի՝ չնայած նրան, որ —նույնիսկ նախքան արևելյան ընդլայնումը— անդամ երկրների միջև եկամուտների տարբերությունը 300% էր։ Հետևաբար արտագաղթը ոչ թե արդյունք է բարեկեցության մակարդակի բացարձակ տարբերության, այլ սեփական երկրում ապագայի հնարավորությունների պակասի։

Թոմաս Սքովել, «Հոգելեզվաբանություն»
[info]armaelo
Հոգելեզվաբանությունը 20-րդ դարի կեսերին սկիզբ առած գիտություն է, որն ուսումնասիրում է լեզուն հոգեբանության տեսանկյունից։ Այն սերտորեն աղերսվում է նյարդալեզվաբանության, որոշ չափով նաև՝ կիրառական լեզվաբանության հետ։ 

Ինձ համար այս գիրքը առաջին ծանոթությունն էր հոգելեզվաբանության հետ և ես բացահայտեցի գիտության մի բնագավառ, որը փորձում է նկարագրել մարդու նյարդային համակարգի ամենաբարդ գործառույթներից մեկը՝ լեզվական հաղորդակցությունը։

Հոգելեզվաբանության հիմնական ուսումնասիրության առարկաներն են.

* լեզվաիմացության ձեռք բերում (language acquisition)
* լեզվահաղորդակցություն. վերարտադրում և ընկալում (production and comprehension)
* լեզվաիմացության կորուստ (dissolution)

Այս չորս հիմնախնդիրները անխուսափելիորեն առնչվում են բազմաթիվ այլ գիտական խնդիրների հետ, որոնց հոգելեզվաբանությունը, որպես համալիր գիտություն, փորձում է պատասխան գտնել։

Օրինակ վերը նշված առաջին ճյուղը ուսումնասիրում է, թե ի՛նչ փուլերով է նորածին երեխան սովորում մայրենի լեզուն։ Հոգելեզվաբանների կարծիքով, լեզվահաղորդակցությունն սկսում է մանկան առաջին ճիչով, որին խիստ օրինաչափորեն հաջորդում են մնջմնջալու, բլթբլթացնելու, առաջին բառերը արտաբերելու, քերականական նախադասություններ կազմելու փուլերը։

Երկորդը՝ լեզվաընկալման ճյուղը ուսումնասիրում է, օրինակ, այն հարցը, թե ինչպես է մարդը կարողանում լսած ձայնի մեջ տարբերել հնչյունները, բառերը ու միաժանակ հետևել դրանց իմաստային շաղկապվածությանը։ Մեկ փաստ միայն շատ հետաքրքիր էր. ըստ արված փորձերի, մեր ուղեղը «պ» և «փ» հնչյունները տարբերում է ձայնային տատանումների տևողության շնորհիվ։

Լեզվական կորստի/բացակայության հետազոտությունը ոչ միայն նպատակ ունի պարզել տարբեր հիվանդությունների ու խոսքի խանգարումների պատճառը (Դաունի սինդրոմ, աուտիզմ, աֆազիա, թլվատություն և այլն), այլև լույս սփռել հոգելեզվաբանության խնդիրների վրա մեկ այլ՝ նյարդալեզվաբանության տեսանկյունից։

Օրինակ, պարզվել է, որ մարդու ուղեղի ձախ կիսագնդի հեռացումը (հեմիսֆերեկտոմիան՝ վիրահատություն, որը արվում է կյանքի համար խիստ վտանգավոր գոյացությունների դեպքում) չափահաս մարդկանց մոտ հանգեցնում է խոսքի կորստի, իսկ երեխաների մոտ՝ ոչ։ Այս երևույթը ուսումնասիրելով, նյարդալեզվաբանները գտել են, որ սովորաբար աջ կիսագնդում գտնվող խոսքի կենտրոնը ձևավորվում է մարդու կյանքի 10-րդ տարում և դրանից հետո։ Մինչ այդ ուղեղի նյարդային բջիջները, որոնց շնորհիվ մարդը կարողանում է խոսել և հասկանալ ուրիշի ասած խոսքը, հստակ առանձնացած և ինքնուրույնացած չէ մյուս նյարդային բջիջներից։ Եթե նախքան 10 տարեկանը, վիրահատության արդյունքում տեղի է ունենում ուղեղի մի մասի կորուստ, ապա խոսքի կառավարմամբ կարող են զբաղվել այլ նյարդաբջիջներ։

Սրանք միայն մի քանի օրինակներ են, այն բազմաթիվ հետաքրքիր երևույթներից, որոնցով զբաղվում է հոգելեզվաբանությունը։ Թոմաս Սկովելի այս գիրքը այդ բարդը գիտությունը նկարագրում է շատ մատչելի լեզվով։ 

Ուսում արտերկրում և ինքնուրույն կյանք
[info]armaelo
Մեզ մոտ գրեթե յուրաքանչյուր պատանի կամ երիտասարդ ծրագրում կամ երազում է արտասահմանում սովորել։ Դրա պատճառներից մեկը, կարծում եմ, այն է, որ մեր հասարակության մեջ այդքան ընդունելի գաղափար չէ, որ երիտասարդ, «single» անձը ինքնուրույն կյանք վարի։ Սորաբար տրամաբանական է համարվում առանձին կյանքը ամուսնանալուց՝ «ընտանիք ստեղծելուց» հետո միայն։

Շատ երկրներում, հատկապես արևմուտքում, ճիշտ հակառակն է․ տարօրինակ է համարվում, եթե 18-ը լրացած պատանին դեռ ապրում է ծնողների հետ։

Ինքնուրույն կյանք վարելը նոր ձևավորվող անձին հնարավորություն է տալիս լինել և զգալ իրեն լիովին անկախ։ Նա ավելի շուտ է հասունանում և պատասխանատվության զգացում ձեռք բերում, քանի որ մեծ ու փոքր որոշումներ կայացնում է ինքնուրույն և դրանց հետևանքները զգում է իր մաշկի վրա։ Նրա կողքին չկա ինչ-որ մեկը, ով միշտ ավելի լավ գիտի, թե որն է ճիշտ — ստիպված է ինքը մտածել ու գտնել լուծումներ։

Արտասահմանում սովորելը, ի հարկե, այս առումով շատ դրական է, ինչպես դրական է ընդհանրապես կրթությունը։ Սակայն արտերկում ուսանող հայ երիտասարդներից միայն մի մասն է ցանկանում սովորելուց հետո վերադառնալ հայրենիք։ Ավելին․ ուսում ստանալը երբեմն արտասահմանյան համալսարան ընդունվելու իրական պատճառը չէ՝ պատրվակ է միայն։

Այստեղ ուսման մեկնելու և չվերադառնալու պատճառները փոխկապացված են։ Եվ դրանցից մեկը ահա այն հասարակական սահմանափակումն է, որը նշեցի վերևում։

Շատերը կասեն, որ Հայաստանում դեռահասները, և նույնիսկ երիտասարդները ֆինանսապես ի վիճակի չեն ինքնուրույն կյանք վարել, սակայն ես գտնում եմ, որ այս դեպքում սոցիալ-մշակութային վերաբերմունքը երևույթի նկատմամբ շատ ավելի կարևոր դեր է կատարում։

Ռադիոբանավեճ. չորսն ընդդեմ մեկի
[info]armaelo
Չգիտես ինչու, հայկական մեդիան կրոնական փոքրամասնություններին անդրադառնալիս, կա՛մ բացարձակ միակողմանի կերպով է հարցն «լուսաբանում», կա՛մ, այն դեպքում, երբ փորձում է ներկայացնել տարբեր տեսակետներ, բանավեճի է հրավիրում «աղանդների» կատաղի հակառակորդների մեկ դյուժին ներկայացուցիչ, իսկ կրոնական փոքրամասնության լավագույն դեպքում միայն մե՛կ ներկայացուցչի։ Ես, անկեղծ ասած, արդար կամ ազնիվ չեմ գտնում այդպիսի մոտեցումը։

Նման մի բուռն ու անհավասար բանավեճի ունկնդիր եղա այսօր Ռադիո Վանի եթերում։

Կարելի էր կարծել, թե մեր ռադիոկոլեգաները մտածել էին, որ ստուդիա հրավիրելով Արմեն Լուսյանին՝ որպես «Կյանքի խոսք» եկեղեցու ներկայացուցիչ, չափից դուրս կրոնական հանդուրժողականություն են ցուցաբերել, ուստի որոշել էին դա կոմպենսացնել ասպարեզ հանելով ՀՀ «հակաաղանդավորական» ամենածանր հրետանուն՝ Ալեքսանդր Ամարյանին, այսպես կոչված «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոնի» նախագահին։

Բանավեճի մյուս մասնակիցներն էին՝ Տեր Ղևոնդ քահանան (ով հեռախոսով միացավ եթերին), մեկ ներկայացուցիչ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամից, ով նաև վերջերս կայացած «ստորագրահավաք աղանդների դեմ» նախաձեռնության մասնակիցներից էր։ Քիչ ավելի ուշ բանավեճին միացավ Ռադիո Վանի լրագրողուհի Մարինա Գալոյանը, ով նույնպես հանդես էր գալիս «հակաաղանդավորական» ճամբարի կողմից։ Ծրագիրը վարում էր ռադիոլրագրող Լիանա Մարգարյանը. վերջինս միակն էր եթերում, ով ո՛չ հարձակվում էր, ո՛չ պաշտպանվում։

Չլինելով «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության համակիր կամ պաշտպան, ինձ այնուամենայնիվ հիացրեց Արմեն Լուսյանը՝ ով մեն-մենակ կատաղի բանավեճ էր մղում միանգամից չորսի դեմ։ Միաժամանակ ինձ անհանգստացրեց այն, որ մարդիկ հակված են այլախոհներին միանգամից պիտակել, փաստարկների փոխարեն՝ ավելի շատ մեղադրանքներ առաջ քաշել, և որ ամենակարևորն է, այլախոհության մեջ միայն ու միայն չարիք տեսնել։

Կուզենայի իմանալ ձեր կարծիքը։ Դուք կարևոր համարո՞ւմ եք բազմակարծությունը (մասնավորապես կրոնական բնագավառում), թե դա ավելի շատ հակված եք այն վտանգավոր համարել։

You are viewing [info]armaelo's journal